«Զատիկ»-ի սաներն այցելեցին «Արաքս» թռչնաֆաբրիկա. տեսանյութ

«Արաքս» թռչնաֆաբրիկան երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ: Մայիսի 31-ին «Զատիկ» երեխաների աջակակցման կենտրոնի 21 սան, կենտրոնի փոխտնօրեն Անահիտ Ամիրյանի և հոգեբան Կարինե Աղաբաբյանի գլխավորությամբ այցելեցին թռչնաֆաբրիկա: Երեխաները շրջեցին արտադրամասերում, տեղում ծանոթացան արտադրական գործընթացներին, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ինչպես նաև աշխատակիցներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Փոքրիկ այցելուներին հատկապես դուր եկավ ձվի արտադրամասը, որտեղ նրանք սկսեցին օգնել աշխատակիցներին` փաթեթավորելով ձվերը և տեղադրելով դրանք տուփերի մեջ: Արտադրամասի պատասխանատուները հանգամանորեն ներկայացրեցին արտադրական գործընթացը, ցույց տվեցին, թե ինչպես են հավկիթները թռչնանոցներից հասնում արտադրամաս և ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում արտադրության ընթացքում: Երեխաների ուրախ տրամադրությունը պահպանվեց այցի ողջ ընթացքում, նրանք անգամ ճանապարհին երգում և պարում էին:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից այս այցը մի քայլ էր` օգնելու երեխաներին հետագայում նաև կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Բացի հաճելի ժամանակահատվածից, որ երեխաներն անցկացրեցին թռչնաֆաբրիկայում, այցն ունեցավ նաև ուսուցողական բնույթ: Նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: